Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ. Դուք դավադրությո՞ւն եք փնտրում՝ ահա՛ դավադրությունը

Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ. Դուք դավադրությո՞ւն եք փնտրում՝ ահա՛ դավադրությունը
05.02.2013 | 22:55

Քաղաքակիրթ աշխարհում վաղուց է ընդունված անմեղության կանխավարկածը: Հայաստանում վարակի պես տարածվում է հակառակը` մեղավորության վարկածը, անվստահության, համատարած կասկածանքի, դավադրության տեսությունների մթնոլորտը` հիվանդ և թույլ հասարակության ախտանիշներ: Ռուսներն ասում են՝ "Մոսկվան արցունքներին չի հավատում": Երևանն այսօր արյանն էլ չի հավատում: Պարույրն ինքն իրեն է կրակել, Անդրիասին մասոնները խաշ են բերում կեսգիշերին, Րաֆֆին բեղերն է սափրել, Մարիամախոտը գրանտի համար հայրենիքը ծախեց ու տուն առավ, ես կնոջս գաղտնի ՀՀԿ պատգամավոր եմ դարձնում, աչքի վերևն էլ ունք կա:

Տիկնայք և պարոնայք, կա՛նգ առեք: Դուք, որ դեռ երեկ այդքան կրքոտ ու ինքնամոռաց կուռք էիք սարքում ձեզ համար և հոշոտում նրանց, ով ձեր պատրանքը չէր կիսում, այսօր ընկել եք հակառակ մոլուցքի մեջ և չեք հավատում ոչ ոքի, անգամ՝ ինքներդ ձեզ:
Իհարկե, դա նորություն չէ մեզանում: Տարեց մարդիկ կհիշեն "հի՜ն-բարի՜ օրերի" բամբասանքները, երբ Չարենցին "գիժ մորֆինիստ" էին կարգում, Արամ Խաչատրյանին՝ "ժլատ շուռտված", Շիրազին՝ "հարբեցող խուժան", իսկ Փարաջանովին՝ "փչացած ղզօղլան": Կասեք` անհամեմատելի անուննե?ր եմ բերում: Բայց խոսքը ոչ թե հանճարների, այլ քաղքենիների մասին է, որ շարունակում են իշխել մեր հասարակության մեջ, և հենց նրանց լուռ կամ աղմկոտ աջակցությամբ են տարածվում ու արմատավորվում գռեհիկ այս բարքերը, որ թունավորում, ճահճացնում ու խեղդում են մեր քաղաքն ու երկիրը, մեր քաղաքացիական, մարդկային, ազգային համերաշխությունը: Քաղքենի ու մեծապատիվ մուրացկանները ժամանակին դավաճանեցին ու ծախեցին մեր թագավորությունն ու այսօր տապալում են մեր փխրուն պետականությունը: Հենց այս բարքերի ու վարքի կրողն է գյուղից հեռացած ու քաղաք չհասած "գեղցի" այն ինքնակոչ "էլիտար" քաղքենիությունը, որ տարածում է իր քաղցկեղային արժեքներն իր գրպանային հեռուստատեսությամբ ու մամուլով:
Դուք դավադրությո?ւն եք փնտրում: Ահա՛ դավադրությունը: Բոլոր նրանք, ովքեր մերժում ու ծաղրում են ազնվությունն ու անկեղծությունը, ովքեր վարկաբեկում են մարդասիրության ու ազատության չափանիշներն ու արժեքները, կամա թե ակամա սպասարկում են մեր հայրենիքը զավթած ու կեղեքող խունտային, մասնակցում են այս ազգային դավաճանությանն ու դավադրությանը: Թերթերում կամ համացանցում, փողոցում կամ հեռուստատեսությամբ, ընտրատարածքում կամ բեմից, բամբասելով ու վարկաբեկելով դուք ամրացնում ու արդարացնում եք բռնապետությունն ու ստրկությունը: Քրիստոսը խաչից շշնջաց` "Ներիր նրանց, հա՛յր, քանզի չգիտեն թե ինչ են անում": Այլևս ոչ ոք թող չձևացնի, որ չգիտեր, թե ինչ է անում:

Դիտվել է՝ 6601

Մեկնաբանություններ